Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիայի կողմից նշանակված հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը մոտ ապագայում կհանդիպի իր հայ գործընկերոջ հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը։
Չելիքը նշել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացի քայլերից մեկը կարող է լինել Հայաստանի և Թուրքիայի միջև չարտերային չվերթների վերսկսումը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին ասել էր, որ Թուրքիան և Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար կնշանակեն հատուկ բանագնացներ։ Նա նաև հայտարարել էր, որ Երևանի հետ չարտերային թռիչքներ են բացվելու։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 14-ին հաստատել է Երևանի և Անկարայի միջև հատուկ ներկայացուցիչների նշանակման համաձայնագրի առկայությունը։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացում, իսկ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը նշանակվել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ: