Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Լուկաշենկոն նախ Նիկոլ Փաշինյանի, ապա Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է միջազգային օրակարգի արդիական հարցեր, երկկողմ հարաբերություններ և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները:
Անդրադառնալով Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի գործունեության թեմատիկային՝ առաջնորդները հեռախոսազրույցների ժամանակ ընդգծել են, որ իրենց գլխավոր խնդիրներից մեկը Ղազախստանի ավազակախմբերի մուտքը դրսից թույլ չտալն է: Որպեսզի ղազախները, այդ երկրի ժողովուրդը ինքնուրույն կարողանան լուծել իրենց ներքին խնդիրները։
Նշենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվեցին հունվարի 2-ից։ Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Իշխանությունները հայնտեցին, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։
Հավելենք, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։ Ըստ ԱԳՆ-ի՝ առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ: