«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 17-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Բանն այն է, որ այդ օրերին միանգամից չորս ընտրություն է լինելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի եւ ՀՌՀ երկու անդամների: Նկատենք, որ իշխանություններին անհանգստացնում է հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, որի թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է:
Նշենք, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, եւ հենց սա է անհանգստացնում իշխանականներին, քանի որ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների թիվը 71-ն է: Այսինքն՝ շատ բացականեր ունենալու պարագայում ՄԻՊ-ի ընտրությունը կարող է պարզապես տապալվել: Եվ հենց դա է պատճառը, որ արդեն բոլոր պատգամավորներին զգուշացվել է այդ օրերին ուշադիր լինել եւ չբացակայել նիստերից»։
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը» թերթի նախորդ համարում անդրադարձել էր, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությանը ներկա չէր ինչպես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, այնպես էլ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:
Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված Վեհափառ Հայրապետի բացակայությունը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց հետեւյալը. «Երեւանի նորանշանակ քաղաքապետի երդմնակալության արարողությանը Վեհափառ Հայրապետի մասնակցության հրավերը ստացվել է նախորդ օրն ուշ երեկոյան, երբ այլեւս կարելի չէր փոփոխություն իրականացնել Նորին Սրբության ժամանակացույցի մեջ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը շարունակում է պաշտոնավարել այն դեպքում, երբ նրան մեղադրանք է առաջադրված:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար, թե արդյոք հսկող դատախազը դիմել է կառավարություն, որպեսզի գլխավոր շտաբի պետի լիազորությունները կասեցվեն, ինչին ի պատասխան՝ գերատեսչությունից բացասական պատասխան տվեցին: Ստացվում է՝ չնայած նրան, որ ԳՇ պետին մեղադրանք է առաջադրված պաշտոնեական դիրքի չարաշահման համար, այնուամենայնիվ, Դավթյանը շարունակում է պաշտոնավարել»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գներն են բարձրացել: Այս մասին է վկայում նաև պաշտոնական վիճակագրությունը: ArmLur.amը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի գինն աճել է 0.8 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը մեկ ամսում թանկացել է 1.1 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխարհում բենզինի մեկ լիտրի միջին գինը հունվարի 10-ի դրությամբ կազմել է 1 դոլար 22 ցենտ կամ 591 դրամ: Օրինակ, Եվրասիական տնտեսական միության անդամ Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 394 դրամ, Ղազախստանում՝ 226 դրամ, իսկ Ռուսաստանում այն արժեցել է 333 դրամ: Փաստորեն, ԵԱՏՄ անդամ համարվող Հայաստանը միակն է, ուր բենզինը բարձր գին ունի»։