Երբ Արմեն Սարգսյանն ընտրվում էր նախագահ, չգիտե՞ր իր իրավունքների սահմանները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրությամբ իրեն տրված գործիքների մասին մտքին, թե նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա։
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ նախագահի վրա ճնշումներ եղած լինեն հրաժարական տալու համար, Սուքիասյանը բացառեց դրանք։
Պատգամավորի կարծիքով՝ առհասարակ պետք է ուսումնասիրել, թե մարդու կապիտալը որտեղ է գտնվում:
«Եթե հայ մարդն իր կապիտալի 90 տոկոսը ունենում է այլ երկրում, ես պետք է հասկանամ՝ ՀՀ-ին ի՞նչ աստիճան է վստահում ու ինչ աստիճան է սիրում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ նախագահը հրաժարական է տվել հունվարի 23-ին: Նրան այդ պաշտոնում ժամանակավորապես փոխարինելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում Արմեն Սարգսյանը կարող է ետ վերցնել դիմումը։ Եթե դա տեղի չունենա, ապա ԱԺ նախագահը այն ընդունված կհամարի։