ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով պատգամավորն առաջարկում էր զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, եթե բացակայում են զինծառայողի ծնողը, ամուսինը և զավակները, հատուցման շահառու հանդիսանան քույրը, եղբայրը, տատը կամ պապը:
Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները: Ներկայացված փաստաթղթի համահեղինակ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով` օրինագիծը նախատեսում է, որ դատավորների լիազորությունները դադարեցնելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումները խորհրդակցական սենյակում կընդունվեն բաց քվեարկությամբ: Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են նիստերին մասնակցող ԲԴԽ անդամների պարզ մեծամասնությամբ: Այս դրույթը, ինչպես նշել է Վարդանյանը, համապատասխանում է Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին։