Հայաստանը դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում երբեք նախապայմաններ առաջ չի քաշել։ Հայաստանը պարզապես պահանջել է, որ Սոչիում անցած տարվա նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործվեն։ Այս մասին կառավարության ճեպազրույցների ժամին Armenia Today-ի թղթակցի դիտարկմանն ի պատասխան՝ նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա հիշեցրել է՝ Հայաստանի՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ առաջարկի մասին ու շեշտել, որ այս առումով որևէ նախապայմանի մասին խոսք լինել չի կարող։
Մեր թղթակիցն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի վերջերս արված այն հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է առանց նախապայմանների սկսել դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը, մինչդեռ Հայաստանը, իր խոսքերով, նոր նախապայմաններ է առաջ քաշում։