Թուրքիան կցանկանար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ հանդիպումներ ունենալ Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրեց երրորդ երկիրը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա հիշեցրել է, որ առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում, երկրորդը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Չավուշօղլուն ասել է, որ Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ համապարփակ խաղաղության հաստատման գործընթացին։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում պետք է խաղաղություն և համագործակցություն լինի։
«Պետք է աշխատել տարածաշրջանի զարգացման համար՝ այստեղ իրականացնելով կարևոր նախագծեր։ Դրա համար բոլոր երկրները պետք է ունենան նույն ըմբռնումը, և այդ գործընթացում պետք է ներգրավվեն բոլորը, այդ թվում՝ Հայաստանը»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը պետք է օգտվի նոր հնարավորություններից։