ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իշխող ուժի իր գործընկերներին կոչ է անում ավելի անկեղծ լինել և հրապարակային խոստովանել, որ իրենց արգելված է հայության շահերը սպասարկող օրակարգերին կողմ քվեարկել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նկատեց՝ ակնհայտորեն տեսանելի է, որ իշխանությունների կողմից արգելված է Հայոց ցեղասպանություն, Արցախի հանրապետություն բառերի օգտագործում, իսկ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարներն Արցախ չեն այցելում։
«Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացումը չի բխում մեր երկրի շահերից։ Հայաստանը պետք է դեմ հանդես գա այդ պայմանագրին։ Մենք Հայաստանի խորհրդարանում ունենք իրավիճակ, երբ իշխող ուժը չի ընդունում այդ հռչակագիրը դատապարտող փաստաթուղթը, դեմ է, որ ԱԺ-ն այն դատապարտող հայտարարություն ընդունի։ Հիմա էլ հիմնավորումներ են բերում, որոնք իրականության հետ բոլորովին կապ չունեն»,- նշեց նա և ընդգծեց, որ կապիտուլյացիա ստորագրածները չեն կարող պետական շահ առաջ տանել։
Հիշեցնենք՝ իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի միանա «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, թե ՀՀ կառավարությունն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ: