Հայաստանում 2021 թվականի հունիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները հանգուցալուծեցին երկրում ներքաղաքական ճգնաժամը, որն առաջացել էր Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո։ Այս մասին Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը։
Հայաստանի խնդիրն է երկրում հաստատել օրենքի գերակայություն և խաղաղություն տարածաշրջանում, ասել է Կարապետյանը։
«Երկրի առջև ծառացած խնդիրները լուծվելու են տարբեր ձևաչափերով։ Առաջին հերթին անհրաժեշտ է ապաշրջափակել հաղորդակցությունները տարածաշրջանում և լուծել անվտանգության խնդիրները»,- ասաց Մարիա Կարապետյանը։
Երկրորդ խնդիրը, որը պետք է լուծվի, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն է»,- ասաց Կարապետյանը՝ հիշեցնելով Հայաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական զորքերի հայելային դուրսբերման հարցում, որից հետո անհապաղ պետք է սկսվի սահմանազատման գործընթացը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա այն մնում է չլուծված։ Մենք ցանկանում ենք այս հակամարտության կարգավորմանը ներգրավել միջազգային ուժերին, որպեսզի հասնենք երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմանը մեր տարածաշրջանում»,- ասաց Մարիա Կարապետյանը։
Նա նաև ընդգծեց ականապատ դաշտերի քարտեզների դիմաց հայ ռազմագերիների ադրբեջանական գերությունից արագ վերադարձի անհրաժեշտությունը։
«Մենք նաև կարծում ենք, որ միջազգային մարդասիրական կազմակերպությունները պետք է անխոչընդոտ մուտք ունենան տարածաշրջան, որպեսզի ապահովեն մշակութային և պատմական ժառանգության անվտանգությունը»,- ասաց Կարապետյանը։
Նա անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին։
«Մենք աջակցում ենք այս գործընթացին, որը պետք է հանգեցնի հայ-թուրքական սահմանի բացմանը»,- ասաց Մարիա Կարապետյանը՝ հիշեցնելով, որ այն ժամանակ Թուրքիան էր փակել սահմանը։