Թույլ տվեք ինձ շատ հստակ հայտարարել, որ Եվրոպական խորհրդարանը չի ճանաչել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի վերջնական արդյունքները:
Այս մասին այսօր «Եվրանեսթ» ԽՎ-ի «աշխարհաքաղաքական անվտանգությունը Հարավային Կովկասում» քննարկումների ժամանակ հայտարարել Է Եվրախորհրդարանի անդամ Մարինա Կալյուրանդը:
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանը հստակ հայտարարել է, որ պատերազմը երբեք ընդունելի լուծում չի եղել, և կայուն, երկարաժամկետ խաղաղության կարելի է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բանակցությունների միջոցով: Նա նշել է, որ այս դիրքորոշումը հերթական անգամ ամրապնդվել է անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևով՝ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի քննարկումների արդյունքում:
Մեկնաբանելով հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հայտարարությունները՝ Մարինա Կալյուրանդն ընդգծել է գործնական քայլերի անհրաժեշտությունը, ինչպիսիք են սահմանագծման և սահմանազատման անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ այդ քայլերն անհրաժեշտ են փոխվստահության մթնոլորտի ամրապնդման համար:
«Մենք՝ որպես Եվրոպական խորհրդարանի անդամներ, եկել ենք օգնելու ձեզ, բայց մենք չենք կարող ձեր փոխարեն լուծել ձեր խնդիրները: Դուք դրանք պետք է ինքներդ լուծեք: Բայց մենք պատրաստ ենք աջակցել ձեզ, եթե դուք մեզ ասեք, թե հատկապես որ ուղղությամբ պետք է ուժեղացնել աշխատանքը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Երևանում ընթանում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը: Երևան ժամանած պատվիրակության կազմում նաև ադրբեջանցի պատգամավորներ կան: Բողոքի ակցիայով քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտում Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակական դրսևորումներին չարձագանքելու համար: Մանրամասները՝ տեսանյութում: