ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում նոր պաշտոնների նշանակված բոլոր պաշտոնյաներն էլ ունեն արժանիքներ։ Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Armenia Today-ի համապատասխան հարցին։
«Կարող եմ անել երկու ենթադրություն։ Առաջինը՝ և՛ պաշտպանության նախարարի, և՛ ԳՇ պետի միաժամանակ, շատ կարճ ժամանակահատվածում փոփոխությունը լավ բանի չի բերում։ Դա խոսում է նրա մասին, որ դժվար ժամանակներում և՛ ՊՆ ղեկավարը, և՛ ԳՇ պետը իրավիճակային որոշումներ ընդունելու հարցում խնդիրներ են առաջացնելու»,- ասաց Օհանյանը։
Մյուս ենթադրությունն այն է, որ քաղաքականացվում է նաև ԳՇ-ն։ Չէ՞ որ, եթե պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, քաղաքական թիմի անդամ է, նրա հիմնական գործառույթը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատոումն է, ապա զինվորականները ծառայության են անցնում ըստ պայմանագրերի։ Նրանց միաժամանակյա փոփոխությունը վատ է անդրադառնում իրավիճակի վրա։ Մյուս կողմից քաղաքականացվում է նաև զորային կառույցը։ Դա, ըստ Օհանյանի, 44-օրյա պատերազմում մեր կրած պարտության հիմնական պատճառն է եղել։
Օհանյաննն ասաց, որ չի հասկանում, թե նոր նշանակումների պատճառն ինչն է․ պաշտոններից ազատե՞լը, թե՞ նոր, ավելի փորձառու մարդկանց պաշտոնների նշանակելը։
«Ես հասկանում եմ, որ ազատելն է կարևոր»,- ասաց Օհանյանը՝ պարզաբանելով, որ նրան նոր պաշտոնակատար է փոխարինում, այսինքն՝ խնդիրն ազատելն է, ոչ թե նորին նշանակելը։
Մանրամասները՝ տեսանյութում։