ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի ութսուն մտավորականների (ակադեմիկոսներ, ԳԱԱ թղթակից անդամներ, գիտությունների դոկտորներ, թեկնածուներ եւ այլն) այսօր հրապարակված դիմումին։
Նշենք, որ դիմումն էր ուղղված միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանություններին, կոչ անելով «անհապաղ» քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը վերսկսելու եւ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար։
«Իմ խորին համոզմամբ, եթե խնդրո առարկա ուղերձը ստորագրած մտավորականները, հետեւելով Լեոյի իմաստությանը, ժամանակին քաջություն ունենային Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դիմել Ղարաբաղի հարցը փոխզիջումների հիման վրա լուծելու պահանջով, մեր ժողովուրդն այսօր, հաստատաբար, այսպիսի ողբալի վիճակում հայտնված չէր լինի»,-նշել է Տեր-Պետրոսյանը։