Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն ակտիվորեն աշխատում է տեղի հայ համայնքի հետ, որպեսզի վերջիններիս անվտանգությունն ապահովի: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
«Ընթացիկ խնդիրները համակարգվում և լուծվում են Ուկրաինայում ՀՀ դեսպանության միջոցով։ Խնդիրների շրջանակը շատ ավելի լայն է, մասնավորապես՝ բիզնես գործունեություն իրականացվող անձանց շրջանակներում։ Բոլոր հնարավորությունները կան, որ այդ քաղացիները տեղափոխվեն։ Մեր դեսպանությունն ամեն ինչ անում է, որ այդ գործընթացը հեշտ տեղի ունենա»,- նշեց նա։
Աղաջանյանը նաև հավելեց որ մշտապես կապի հետ է Ուկրաինայում ՀՀ դեսպանի հետ։
«Բոլոր հնարավորությունները ստեղծված են, որպեսզի Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչները ցանկության դեպքում արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից պետությունների միջոցով կարողանան վերադառնալ Հայաստան»,- մանրամասնեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ ՀՀ դեսպանությունը Կիևից տեղափոխվել է Լվով և Ուժգորոդ։