Խորհրդարական ընդդիմությունը բոյկոտելու է նաև նախագահի երդմնակալության Ազգային ժողովի հատուկ նիստը:
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու նախագահի երդմնակալությանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց խմբակցությունը նիստին ներկա չի լինելու:
«Վահագն Խաչատուրյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի նախագահն է, թող իրենք էլ մասնակցեն»,- նշեց Մամիջանյանը:
Նույն դիրքորոշմանն է նաև «Հայաստան» խմբակցությունը:
«Նախագահի թեկնածուի առաջադրման և ընտրության գործընթացին չենք մասնակցել, հետևաբար, չենք մասնակցելու նաև երդմնակալության արարողությանը: Այդ ամբողջ գործընթացը համարել ենք խեղկատակություն, հիմա ո՞ւր գնանք մասնակցենք: Այդ շոուին մենք չեն մասնակցելու»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նշենք, որ Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին։ Ազգային ժողովի հատուկ նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նա երկրորդ փորձից հետո միայն նախագահ ընտրվեց մարտի 3-ին, խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտեց գործընթացը։ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը:
Մամուլում շրջանառվող տեղեկություների համաձայն՝ նախագահի երդմնակալությանը հրավիրվելու են հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ, իսկ երդմնակալությունից հետո հանդիսավոր արարողություն է լինելու նախագահական նստավայրում, որտեղ նախագահի պարտականությունները ժամանակավորապես իրականացնող Ալեն Սիմոնյանը ընտանիքի՝ կնոջ և դստեր հետ դիմավորելու է Խաչատուրյանին՝ կնոջ և թոռնիկի հետ։