Մարտի 8-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյա տարեդարձի կապակցությամբ կազմակերպված «Կանայք պետականաշինության մեջ» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՄԱԿ անդամ-պետությունների դիվանագետներ, ՄԱԿ քարտուղարության պաշտոնյաներ ու աշխատակիցներ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր բացման խոսքում նշել է, որ 30 տարի առաջ Հայաստանի անդամակցությունը Միավորված ազգերի կազմակերպությանը դարձավ կարևոր պատմական իրադարձություն հայ ժողովրդի համար` ընդգծելով, որ Հայաստանի պատմության բոլոր փուլերում կանայք նշանակալի ներդրում են ունեցել ազատ և անկախ պետության հիմքերի կայացման գործում։
ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Կանանց միջազգային օրը կազմակերպված միջոցառումը հնարավորություն է ընձեռում անդրադառնալու կանանց դերին հանրային կյանքում՝ հիշատակելով ականավոր կին գործիչների ժառանգությունը։ Մ.Մարգարյանը հույս է հայտնել, որ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի առաջիկա նստաշրջանին ընդառաջ կազմակերպված ցուցահանդեսը կծառայի որպես համերաշխության ուղերձ՝ ընդգծելով պետականաշինության մեջ կանանց լիարժեք, հավասար և բովանդակային մասնակցության վճռորոշ դերը։
Ցուցահանդեսն անդրադառնում է հայ իրավաքաղաքական մտքի ժառանգության, մասնավորապես` Մխիթար Գոշի և Շահամիր Շահամիրյանի աշխատություններում իրավահավասարության գաղափարներին և Հայաստանի պատմական տարբեր փուլերում հասարակական և մշակութային կյանքում կանանց ներգրավվածությանը։
Ներկայացված են Զաբել Ասադուրի, Սրբուհի Դյուսաբի, Զաբել Եսայանի, Շուշանիկ Կուրղինյանի և Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործական ժառանգությունը, ինչպես նաև անկախության ձեռքբերումից ի վեր մշակույթի, սպորտի, գիտության ու նորարարության ոլորտներում կանանց ձեռքբերումները։