Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գրեթե ամեն օր ընթացող բանակցություններում որոշակի դրական տեղաշարժեր են նկատվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ուրբաթ օրը կայացած հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես ձեզ անպայման կտեղեկացնեմ ուկրաինական ուղղությամբ տիրող իրավիճակի մասին, առաջին հերթին այն մասին, թե ինչպես են այժմ ընթանում բանակցությունները, որոնք այժմ տեղի են ունենում գրեթե ամենօրյա ռեժիմով։ Այնտեղ որոշակի դրական տեղաշարժեր կան, ինչի մասին ինձ հայտնեցին մեր կողմից բանակցողները»,- ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Բելառուսի Բելովեժսկայա Պուշչայում կայացել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը։
Փետրվարի 28-ին Ռուսաստանն ու Ուկրաինան անցկացրել են բանակցությունների առաջին փուլը։ Երկրորդ փուլը տեղի ունեցավ մարտի 3-ին։ Ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու խոսքով՝ բանակցությունների ընթացքում երկու երկրներին հաջողվել է ըմբռնում գտնել որոշ հարցերի շուրջ։