ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցներին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից ներկա էր Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորն անդրադարձել է վերջին օրերին Արցախում ստեղծված իրավիճակին՝ այն բնութագրելով հումանիտար և անվտանգությանն ուղղված աղետ:
«Անկախ այն հանգամանքից, որ ռուսական կողմի միջնորդությամբ շարունակում են բանակցություններ ընթանալ գազի փոխանցման աշխատանքների վերականգնման վերաբերյալ, երաշխիքներ չեն տալիս, որ սրան հաջորդող ժամանակահատվածներում մենք Արցախում չենք ունենա ճգնաժամային նոր իրավիճակներ:
Ես, իհարկե, չէի ցանկանա ընդլայնված ցանկով ներկայացնել այն բոլոր սպառնալիքներն ու ռիսկերը, որոնք այսօր առկա են և կարող են հաջորդել գազի վթարներին, պայթյուններին, բայց, ցավալիորեն, Ադրբեջանն ընդլայնել է Արցախի նկատմամբ ճնշումների իր զինանոցը, և երկարաժամկետ կտրվածքով որևւէ լուծում տեսանելի չէ»,- ասել է նա:
Պատգամավորի գնահատմամբ՝ գազի բացակայությունը բազմաթիվ տնտեսական ու սոցիալական խնդիրներ է առաջացնելու: