Երեկ զանգահարել եմ Ռուբեն Ռուբինյանին և առաջարկել ԱԺ խորհրդի նիստ հրավիրել և հստակեցնել՝ այս իրավիճակում ի՞նչ պետք է անի խորհրդարանը և ի՞նչ վերահսկողություն պետք է իրականացվի գործադիրի նկատմամբ։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով իշխանության հայտարարությանը՝ թե մերժել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման առաջարկը։
«Պատասխանը եղել է այն, որ վարչապետը ցանկանում է գալ և ԱԺ խորհրդում ներկայացնել իրավիճակը։ Բայց առաջին հերթին մենք ինքներս պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում։ Մենք այսօր առաջարկել ենք խորհրդի նիստում, որ ներկայացվեն և՛ անվտանգությանը, և՛ արտաքին քաղաքականությանը վերաբերող բոլոր այն փաստաթղթերը, որոնք շրջանառության մեջ են այսօր։ Այս ամենից հետո մեր խմբակցությունը որոշում կընդունի, թե ինչ ձևաչափով հրավիրել գործադիրի ներկայացուցիչներին։ Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ի՞նչն էր խանգարում, որ ՀՀ վարչապետը 107 պատգամավորների ներկայությամբ ներկայացներ իրավիճակը»,- մանրամասնեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։