Հակառակ նրան, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստերի ժամանակ բազմիցս եղել են խոստումներ բանակում բարեփոխումների հայեցակարգ ներկայացնել, հաջորդ 6 նիստերի ժամանակ չի ներկայացվել որևէ օրենսդրական փաթեթ, որը կլրացներ հայեցակարգը։ Այս մասին ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանուկյանը հիշեց նաև, որ չնայած Կառավարության նիստի ժամանակ հնչող սահմանային վտանգին ու նույնիսկ պատերազմի սպառնալիքին՝ ՀՀ ԶՈՒ-ն նաև ԳՇ պետ չունի։
Փոխնախարարը հարցին ի պատասխան ասաց, որ ԱԺ-ում ունեցել են օրենքներում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ քննարկում:
«ՊՆ ներկայացվել են առաջարկներ նաև «Հայաստան» խմբակցության կողմից, ԱԺ մյուս խմբակցությունները նույնպես ներկայացրել են: Բարեփոխումները սկսված են»,- ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ, եթե որոշ քաղաքական ուժերի համար դրանք տեսանելի չեն, ապա դա քաղաքական գնահատականի հարց է:
«Բայց այդ բարեփոխումները մեկնարկել են: Թե՛ օրենսդրական, թե՛ այլ առումով դրանք այս պահին գտնվում են ընթացքի մեջ»,- եզրափակեց Սարգսյանը: