Իշխանությունները հիմա պայքարում են Արցախի կարգավիճակի համար և նպատակամղված են, որ Ղարաբաղի մեր հայրենակիցները կարողանան իրացնել իրենց ազատություններն ու իրավունքները։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե կարգավիճակը ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները։
«Ցանկացած հարցի հետ կապված, երբ դու գնում ես բանակցությունների, և ունես որոշակի տեսակետ և այն պնդում ես մինչև վերջ, ուրեմն, դա բանակցություն չէ։ Հետևաբար, եթե գնում ես բանակցությունների, պետք է թույլ տաս, որպեսզի քո ընդդմիախոսները նույնպես տեսակետ հայտնելու իրավունք ունենան։ Հակառակ դեպքում, երբ դու ֆիքսված տեսակետ ունես և դրանից այն կողմ չես նահանջում, ուրեմն, բանակցություններ չկան»,- նկատեց իշխանական պատգամավորը։
Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ Հայաստանն արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ հիմա միայն պետք է վերահաստատել, որ Ադրբեջանից տարածքային պահանջներ չունենք՝ չհաշված հարևան պետության զինծառայողների վերջին ներխուժումները ՀՀ սուվերեն տարածք։
«Ակնհայտ է, որ մենք իրենց նկատմամբ տարածքային պահանջ չունենք, բայց գոյություն ունի մեկ այլ հարց ևս․ դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքների իրացման հարցն է։ Արցախի բնակչությունը մեր ժողովրդի մի մաս հատվածն է։ Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով սատար կանգնենք մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհին»,- նշեց մեր զրուցակիցը։
ՔՊ-ականի համոզմամբ՝ Իլհամ Ալիևը չի ուզում, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի պատերազմի կրակը վառ պահի և անհրաժեշտ պահին դա հրդեհ դարձնի։
Աղազարյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի ուզում, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նաև այն պատճառով, որպեսզի միջազգային հանրությանը ներկայացնի, թե Հայաստանն իր տարածքների նկատամամբ նկրտումներ ունի։
Մանրամասները՝ տեսանյութում։