«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հայտնի միտքը, թե միջազգային հանրությունը մեզնից պահանջում է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել, ըստ որոշ լուրերի՝ ծնվել է Բրյուսելում։ Մեր աղբյուրն ասում է, որ Արեւմուտքը հարմար պահն օգտագործում է Հայաստանի ձեռամբ Ռուսաստանին հարված հասցնելու, տարածաշրջանում ՌԴ ազդեցությունը նվազեցնելու համար, եւ գործարք են առաջարկել՝ հրաժարվել Ռուսաստանից, Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, դրա դիմաց խոստացել են երաշխավորել արցախահայության անվտանգությունը, ՀՀ սահմանների անվտանգությամբ էլ կզբաղվի ՆԱՏՕ-ի զորքը։
Բրյուսելյան այցից 1 շաբաթ առաջ Բրյուսել մեկնած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ չի թաքցրել իր հակառուսական տրամադրվածությունը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկություններով՝ լարավածություն կա Նիկոլ Փաշինյանի սիրելի Հակոբ Սիմիդյանի ու մյուս թիմակիցների միջև: Հակոբ Սիմիդյանը, ըստ մեր աղբյուրի, նախարար նշանակվելուց հետո գրեթե ոչ ոքի հետ չի շփվում:
«Անգամ իր ամենամտերիմնեների հետ է սառեցրել հարաբերությունները: Թեև Փաշինյանը Սիմիդյանին է վստահել Շրջակա միջավայրի նախարարությունը, բայց ինքն էլ քաջ գիտակցում է, որ նա հեռու է այդ ոլորտից: 2021-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո նրա թիմակիցներից ամեն մեկը պաշտոն է պահանջել, ու Փաշինյանը յուրայինների ձեռքից ասես կրակն է ընկել»,- փոխանցեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրն ու ավելացրեց, որ չի բացառվում՝ Սիմիդյանը զրկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի մանդատից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին իրադարձություններն արցախցիներին դրդել են ինքնապաշտպանական միջոցառումների։ Մի քանի շաբաթ է՝ արցախցի տղամարդիկ ջոկատներ են կազմում եւ հերթափոխով հսկում սահմանները։ Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց այս տեղեկությունը․
«Այո, ստեղծվել են, եւ գիտե՞ք ինչու, ինչո՞ւ 30 տարի նման բան չկար, 16-ին ինչո՞ւ չկար, որովհետեւ այն ժամանակ յուրաքանչյուր արցախցի գիտեր, որ կա ՀՀ իշխանություն, որն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Իսկ հիմա արցախցին հասկանում է, որ ինքն է իր անվտանգության երաշխավորը՝ իհարկե, մեր բարեկամ ռուս խաղաղապահների հետ․․․ Մենք բոլորից շատ ենք խաղաղություն ուզում, բայց գիտակցելով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը պատերազմ ու ոչնչացում են բերել միայն, մենք պատրաստ ենք դեմ դուրս գալ իրենց օրակարգին՝ պաշտպանվել, ինքնապաշտպանվել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ընդդիմության ապրիլի 5-ի հանրահավաքից անցել է մոտ տասն օր, բայց այն դեռևս հանգիստ չի տալիս իշխանություններին: Բանն այն է, որ, մեր ունեցած տեղեկություններով, նրանց խորապես անհանգստացրել է թե՛ հանրահավաքի մարդաշատությունը, թե՛ այն հանգամանքը, որ ընդդիմադիր խմբակցությունները հանդես են գալիս միասնաբար: Արդյունքում նրանք այս օրերին փորձում էին վարկաբեկել այդ հանրահավաքի նախաձեռնողներին, ավելին՝ ինչ-ինչ «կուլիսային» կազմակերպիչներ «գտնել» հանրահավաքը ստվերելու համար:
Ի մասնավորի, սոցիալական ցանցերում գրառումներ էին կազմակերպել, թե մարդկանց փող են բաժանել հրապարակ բերելու համար, թե մարզերից հավաքել են տարբեր մարդկանց, որոնք իբր նույնիսկ չգիտեին, թե ինչի համար էին գալիս, թե հանրահավաքը կազմակերպվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան օգնությամբ ու նույնիսկ ֆինանսական օգնությամբ և այլն, և այլն: Մեր ունեցած տեղեկություններով, իշխանություններն էլ հիանալի գիտեն, որ այդ ամենը իրականության հետ որևէ աղերս չունի, պարզապես չեն կարողանում մերվել այն մտքի հետ, որ իրենց վարկանիշը և աջակցությունը մեծ անկում է ապրել»: