Բազմաթիվ են դեպքերը, երբ կոնկրետ լրատվամիջոցների լրագրողները խախտում են վարքագծի կանոնները պետական մարմիններում, այդ թվում՝ աշխատանքային տարածքում։ Այս մասին ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը՝ ԱԺ լիագումար նիստում քննարկելով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների քննարկումները։
Նրա խոսքով՝ խնդիրը լուծելու համար առաջարկվում է առաջին խախտումը կատարելիս այդ մասին տեղեկացնել լրագրողի ներկայացրած խմբագրությանը։ Եթե տարվա ընթացքում նման գործողությունները կրկնվեն, պետական մարմիններն իրավունք կունենան այդ լրագրողին զրկել հավատարմագրումից։ Միաժամանակ լրատվամիջոցները հնարավորություն կունենան ևս մեկ լրագրող ներկայացնել հավատարմագրման։
Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ լրագրողական հանրությունը կկարողանա հասնել ինքնակարգավորման մակարդակի։ Ներկայացված փաստաթուղթը վերաբերում է բացառապես պետական կառույցներում լրագրողական գործունեության հետ կապված սահմանափակումներին։ Օրինագիծը մշակելիս հաշվի է առնվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջարկը։