«Երկու օրվա ընթացքում երեք անգամ ԱԺ խորհրդի նիստ է հետաձգվել։ Պատկերացրեք՝ փաթեթն ինչքան խնդրահարույց է, որ ինչքան շտկում են, այնքան շտկելու տեղ կա։ Բայց ինչքան էլ շտկեն, չի կարող շտկվել, որովհետև դրա էությունը հակասահմանադրական է»։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԱԺ չկայացած արտահերթ նիստին ու դրա չկայանալու պատճառներին:
Մարուքյանի բնորոշմամբ՝ շատ խնդրահարույց փաթեթ է բերվել, նախագիծը բազմաթիվ խնդիրներ ունի։
«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչքա՞ն կարելի է նման կարևոր պրոցեսն անլրջացնել, մյուս կողմից՝ ինչքա՞ն կարելի է լինել անորոշ ու չիմանալ՝ ինչ ես ուզում անել: Իրավաբաններ կան, մասնագետներ կան, գրում են, բերում»,-ընդգծել է նա:
Մարուքյանը նաև տեղեկացրել է՝ մեկ ժամից հրավիրվել է ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ կրկին հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը։