Հայաստան է ժամանում Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիադի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։
Դիվանագիտական առաքելությունը հրապարակել է նաև անձամբ Խարդալիադի ուղերձը։ «Իմ գործընկեր Կարեն Բրուտյանի հրավերով հունիսի 2-3-ը կայցելեմ Հայաստան, երկիր, որի հետ Հունաստանը պատմական ամուր բարեկամական կապեր ունի։ Այցի ընթացքում պաշտոնական հանդիպումներ կունենամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի հետ։ Կհանդիպեմ նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ինչպես նաև Հայաստանում հունական համայնքի ներկայացուցիչների հետ»,- գրել է փոխնախարարը։
Նա նաև հայտնել է, որ ուղևորության ժամանակ իրեն կուղեկցի ՊՆ պաշտպանական սարքավորումների և ներդրումների ինստիտուտի գլխավոր տնօրեն, ծովակալ Արիստիդիս Ալեքսոպուլոսը։ «Պատիվ կունենամ այցելելու Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծաղկեպսակ կդնեմ Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, ինչպես նաև կայցելեմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և ազգային պաշտպանության գիտահետազոտական համալսարան»,- ասաց փոխնախարարը։