Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները հունիսի 21-ին կհանդիպեն Մինսկում: Այս մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան, հաղորդում է БЕЛТА-ն:
«Միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա հունիսի 21-ին Մինսկում՝ առկա ձևաչափով»,- ասել է Իյա Մալկինան: Կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ներդրումը, արդյունաբերության առաջնային և բարձր տեխնոլոգիական ոլորտներում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման հանձնաժողովի ստեղծումը, 2021 թվականին անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակը և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխմանն ուղղված միջոցառումները: Բացի այդ, օրակարգում են տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման, տնտեսության թվայնացման, էլեկտրոնային առևտրի, մաքսային համագործակցության և այլ հարցեր»,- հավելել է ԵՏՀ ներկայացուցիչը։