Այս պահին մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային իրավիճակի և անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը ընդունելիս ունեցած իր ողջույնի խոսքում:
«Մենք, իհարկե, Ռուսաստանի հետ բավական ինտենսիվորեն քննարկում ենք այդ հարցը, այլ հարցեր՝ ևս: Օրինակ՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը. վերջերս Մոսկվայում կայացավ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Հուսով եմ՝ մոտ ապագայում կհաջողվի կոնկրետ համաձայնությունների գալ և լուծել ռազմավարական կարևորություն ունեցող այդ հարցը՝ ի շահ ողջ տարածաշրջանի, հանուն կայունության և խաղաղության»,- ասաց վարչապետը:
Նա նաև կարևորեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգը՝ ընդգծելով ՌԴ դերը եռակողմ հանդիպումների ժամանակ։
«Ցանկանում եմ նաև նշել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի հարցը, որոնք առայսօր գտնվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Այս հարցում ևս ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, որպեսզի այս հումանիտար հարցը վերջապես ամբողջական լուծում ստանա»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը շեշտեց Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ լինելու փաստը, որը երկկողմ այցերի ինտենսիվությունն ու շփումները բարձր մակարդակում են պահում։ Հարաբերությունների օրակարգը Փաշինյանը որակեց շատ լայն ու բազմակողմ, դրանք և՛ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր են, և՛ տարածաշրջանային, միջազգային հարցեր:
Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ողջույնի խոսքում անդրադարձավ տարածաշրջանային հարցերին, նաև եռակողմ հայտարարությունների բովանդակությանը։
«Մենք նպատակադրված ենք, որ այնտեղ ամրագրված բոլոր ուղղություններն ու գործողությունները՝ միտված տարածաշրջանում իրավիճակի ամբողջական նորմալացմանը, բոլոր խնդիրների, ներառյալ հումանիտար հարցերի կարգավորմանը, լուծվեն ամենասեղմ ժամկետներում»,- ասաց ռուս դիվանագետը։
Սերգեյ Լավրովը կարևորեց Մոսկվայում ծրագրված հանդիպումը՝ ռուսաստանյան ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք, ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, խորհրդատվական ծառայություններ կտրամադրեն, ներառյալ քարտեզագրական նյութեր:
«Մենք հետաքրքրված ենք, որպեսզի մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լիովին կարգավորվեն: Իհարկե, ծանոթ ենք առաջարկություններին, որոնք Ադրբեջանն է ներկայացրել այդ համատեքստում, ծանոթ ենք նաև ձեր դիրքորոշումներին, որ գրավոր եք ներկայացրել, և Ռուսաստանը պատրաստ կլինի ձեռնարկել հնարավոր ամեն ինչ՝ փոխադարձ համաձայնության հասնելու ուղղությամբ: Եվ, ինչպես արդեն ասացի, նպատակադրված ենք առանց բացառության բոլոր պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը: Մեզ համար առանձնահատուկ կարևոր է, որ հնարավորություն ունենք այսօր լսելու Ձեր գնահատականները և ևս մեկ անգամ շնորհակալություն այս հանդիպման համար»,- նշեց նա:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործակցությանը, տարածաշրջանային կայունության և խաղաղության օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացին վերաբերող հարցեր:
ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր դերակատարումը:
Հիշեցնենք, որ հունիսի 8֊9-ը աշխատանքային այցով Երևան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում նաև ՀՀ նախագահի հետ:
Այսօր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այսօր տեղի է ունեցել նաև Միրզոյան-Լավրով առանձնազրույց, հանդիպում և համատեղ մամուլի ասուլիս։