«Հրապարակ» թերթը գրում է. «Պադավատապետությանը դեմ Նիկոլ Փաշինյանը շարունակում է թարմացնել իրեն սպասարկող ավտոպարկը։ Մի քանի օր առաջ նկատեցինք, որ նրան սպասարկող մեքենաների մեջ նոր Toyota Hiace մակնիշի միկրոավտոբուս է հայտնվել։ Այն, ինչպես հասկացանք, փոխարինում է նախկինում առկա Volkswagen Multivan մինիվենին, որը տեղափոխում էր ԱԱԾ-ի դիմակավորված հատուկ ջոկատայիններին։ Այդ մեքենան վաղուց էր շահագործվում` դեռ Սերժ Սարգսյանի ժամանակներից, հիմա Նիկոլ Փաշինյանն ու նրա անվտանգությունն ապահովող Պետական պահպանության ծառայությունը որոշել են վարչապետին սպասարկող նոր մեքենա ձեռք բերել։
Կառավարության լրատվականից ասացին՝ գրավոր հարցում ուղարկեք ՊՊԾ։ Մենք ճշտեցինք, որ մոտ 4 ամիս առաջ է ՊՊԾ-ն ավտոսրահից ձեռք բերել նշված Toyota Hiace միկրոավտոբուսը, արժեքը՝ մոտ 20 մլն կամ 40 հազար դոլար։ Բայց սա միակ ձեռքբերումը չէ վարչապետի ավտոպարկում։ Անձամբ Նիկոլ Փաշինյանին սպասարկելու համար մի նոր զրահապատ մեքենա են ձեռք բերել՝ ջիպ տեսակի։ Lexus LX570 մակնիշի շքեղ ամենագնաց, որն անցյալ տարի է գնվել՝ բյուջեի հաշվին։
Հիմա մարզային այցերի ժամանակ Փաշինյանին հենց այս մեքենան է սպասարկում։ Այն 2021 թ․ արտադրության է, գնվել է երեւանյան ավտոսրահից, արժեքը՝ մոտ 110 հազար դոլար, սակայն գնելուց հետո էլ ուղարկվել է Մոսկվա՝ զրահապատման։ Արդյունքում վարչապետին սպասարկող նոր մեքենան արժեցել է մոտ 200 հազար դոլար կամ մի փոքր ավելի»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հուղարկավորության արարողությունն էր՝ Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցուց։ Նրա թաղման կապակցությամբ կառավարական հանձնաժողով էր ձեւավորվել։ Մենք տեղեկացանք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այցելել է Սիմոնյանների ընտանիքին եւ առաջարկել հուղարկավորությունն իրականացնել Երեւանի պետական համալսարանից, որտեղ 13 տարի ռեկտոր է աշխատել Արամ Սիմոնյանը, սակայն ընտանիքը մերժել է առաջարկը»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթը տեղեկություններ է ստացել, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարության կողմից խտրական վերաբերմունք է ցուցաբերվում աշխատակիցների հանդեպ: Բանն այն է, որ մոտ երեք ամիս առաջ որոշվել է տեխնիկական և սպասարկող անձնակազմի աշխատողների մի մասի աշխատավարձը բարձրացնել 40-50 հազար դրամով, իսկ մնացյալներինը թողել են նույնը՝ 67 հազար դրամ:
Մեր ունեցած տեղեկություններով, տուժել են հիմնականում հագուստների, գրիմի հարցերով զբաղվողները: Թե ինչու է նման խտրականություն դրվել, աշխատակիցներին հոդաբաշխ պատասխան չի տրվում, թատրոնի տնօրենի պաշտոնակատարն էլ հրաժարվում է անգամ հանդիպել իր իսկ ղեկավարած կառույցի աշխատողներին: Թատրոնում խոսում են, որ այն աշխատակիցները, որոնց աշխատավարձը բարձրացվել է, հիմնականում տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի ծանոթները, բարեկամներն ու հարազատներն են: Աշխատակիցներին միջնորդավորված ասվել է, որ մեղավորը ԿԳՄՍ նախարարությունն է, որտեղ չեն ուզում նրանց աշխատավարձերը բարձրացվեն»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստան այս տարվա հունվար-մարտ ամիսներին ժամանել է 249 հազար 361 զբոսաշրջիկ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 17 հազար 900-ով ավելացել է։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ զգալի կրճատվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների քանակը. եթե նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ Իրանից այցելել է 18 հազար 700, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 9500: Նկատենք, որ Ուկրաինայից եւս պակասել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը»։