ՆԱՏՕ-ն Թուրքիայի կողմից կոշտ դիրքորոշում չէր ակնկալում դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Financial Times բրիտանական թերթին տված հարցազրույցում։
«Նախկինում (ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի ընդունելության գործընթացի ժամանակ) մենք որևէ հիմք չունեինք ենթադրելու, որ այդ հարցում որևէ խնդիր կլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ «Թուրքիայի մտահոգությունները» նոր բան չեն:
«Թուրքիան կարևոր դաշնակից է։ Երբ դաշնակիցը մատնանշում է անվտանգության ոլորտի մտահոգությունները, մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ «ողջամիտ ժամկետում» տարաձայնությունները կվերացվեն։
«Իմ նպատակն այն է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան որքան հնարավոր է շուտ դառնան ՆԱՏՕ-ի անդամներ»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
«Թուրքիայի մտահոգությունն ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում լեգիտիմ է, քանի որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ոչ ոք ահաբեկչություններից ավելի շատ չի տուժել, քան Թուրքիան»,- եզրափակել է Ստոլտենբերգը:
Մայիսի 18-ին ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպաններ Կլաուս Կորխոնենը և Ակսել Վերնհոֆը Ստոլտենբերգին են հանձնել դաշինքին իրենց պետությունների անդամակցության հայտերը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույն օրը հայտարարել է, որ հանրապետությունը չի աջակցի ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցությանը, քանի դեռ նրանք չեն հստակեցրել իրենց վերաբերմունքն ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես Քրդստանի աշխատավորական կուսակցության նկատմամբ: Մայիսի 21-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կաջակցի Եվրամիությանը Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, եթե նրանք ցույց տան Անկարայի հետ անվտանգության ոլորտում իր մտահոգությունը: