Պետության հայտարարած ասֆալտապատման մրցույթում ամենացածր գինն առաջարկել է «Եվրոասֆալտը», որը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունն է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նախարարը պարզաբանեց, որ 1․7 միլիարդ դրամանոց ասֆալտապատման մրցույթում ընդամենը 500 հազար նվազագույն արժեք առաջարկածը եղել է Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը։
Նա նաև մանրամասնեց, որ մրցույթին մասնակցել է 7-8 ընկերություն։
«Մեր երկրի օրենսդրությամբ՝ ով ամենացածր գինն է տալիս, նա էլ շահում է, խնդիր կա՞։ Դուք վերցրեք, նայեք` մրցույթը քանիսով էր հայտարարված, քանիսով է շահել, և գնացեք շնորհակալություն հայտնեք այդ ընկերությանը»,- նկատեց Սանոսյանը։
Հիշեցնենք, որ Civilnet.am-ը բացահայտել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերության՝ «Եվրոասֆալտի» հաղթանակները պետական գնումների մրցույթներում շարունակվում են։
Լրատվամիջոցը հրապարակել է, որ երկու տարվա պատմություն ունեցող ասֆալտապատող ընկերությունն արդեն հաղթում է առավել խոշոր մրցույթներում, որոնց պայմանագրերի ընդհանուր գումարն ավելի քան 2,5 միլիարդ դրամ է։
Նշվում է նաև, որ «Եվրոասֆալտը» հաղթել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմակերպած ճանապարհների վերանորոգման աշխատանքների մրցույթներում։ Թեև դրանք հայտարարվել էին դեռ նախորդ տարի՝ 2021-ին, սակայն վերջնական համաձայնագրերը կնքվել են այս տարի՝ 2022-ին։
Պայմանագրերից մեկով ընկերությունն իրականացնում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պայմանագրի արժեքն է ավելի քան 1 մլրդ 45 մլն դրամ կամ շուրջ 2,3 մլն դոլար։