Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե իբր Հայաստանն անկեղծ չէ խաղաղության հասնելու գործընթացում և ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը: «Արմենպրես»-ի հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ իր ելույթում նշել էր, որ Հայաստանն անկեղծ չէ խաղաղության հասնելու գործընթացում, նախարարը մեկնաբանել է․
«Ինչ հայտարարություններ էլ հնչեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ, քանի դեռ չեն հասցեագրվել Արցախի հայերի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության բավարար երաշխիքների և դրանից բխող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրները։ Ժամանակակից աշխարհում ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակը հիմնախնդրի լուծում չի կարող լինել։
Պնդումը, թե ուժի կիրառման արդյունքում այլևս չկա անգամ Լեռնային Ղարաբաղ, առհասարակ, ևս չի խոսում Ադրբեջանի կառուցողականության մասին։ Ավելորդ է ասել, որ այն, բնականաբար, չի համապատասխանում ո՛չ փաստացի իրականությանը, որի կարևորագույն մասն են կազմում Արցախում արցախահայության գոյությունը և նրանց անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայությունը, և ո՛չ էլ պատերազմը կանգնեցրած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որը հստակ սահմանում է Լեռնային Ղարաբաղի գոյությունը:
Նույնը կարելի է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի գոյություն չունենալու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների մասին։ Նախ՝ որևէ մեկը չի կասեցրել և առանց այն սահմանող միջազգային ինստիտուտի համապատասխան որոշման չի էլ կարող կասեցնել համանախագահության միջազգային մանդատը, այն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Այդ պարագայում անհասկանալի է, որ եթե կողմերն իսկապես ցանկություն ունեն անկեղծորեն բանակցել և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել, կայուն և համպարփակ խաղաղության հասնել, ապա ինչու՞ այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ ձևաչափ, որն ունի միջազգային հանրության հստակ աջակցությունը, և որի փորձն ու ներուժը չօգտագործելն ուղղակի տրամաբանական և ողջամիտ չէ»։
Հարցին, թե Իլհամ Ալիևը նաև պնդում է, որ հայկական կողմը ձգձգում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը, որին խնդրում է նախարարի արձագանքը, վերջինս հայտնում է, որ Հայաստանը ողջ ընթացքում քննարկումներին ներգրավված է եղել բարեխղճորեն, և գործընթացը շատ ավելի սահուն և արագ կընթանար, եթե չլինեին Ադրբեջանի հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք որևէ աղերս չունեն ինչպես 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ հիշատակածս հայտարարություններով ստանձնած պարտավորությունների հետ։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի և տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման ուղիների նույնացման ջանքերին, ապա դրանք ակնհայտորեն չեն կարող ունենալ նույն կարգավիճակը՝ առնվազն ելնելով 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներից, որոնք հստակ սահմանում են Լաչինի միջանցքի կարգավիճակը: Ավելին, Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը տարբեր կարգավիճակներ, տարբեր հարևանություն և տարբեր անվտանգային միջավայր ունեն: Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի հետ նրանց կապերը նույնպես չեն կարող լինել նույնական:
Կրկին ընդգծեմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակում, մինչդեռ Ադրբեջանը հապաղում է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,- պատասխանել է Միրզոյանը՝ հավելելով, որ պատրաստ ենք տարածաշրջանային ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, և երկու երկրների փոխվարչապետերի՝ վերջերս Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններն ընթացել են հենց այս տրամաբանությամբ։