Մոսկվան ողջունում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչպես գիտեք, հունիսի 3-ին կայացավ այս խմբի հերթական՝ 10-րդ հանդիպումը։ Կողմերը մոտեցրել են իրենց դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ, քննարկումները շարունակվել են հունիսի 16-17-ը Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում։ Ռուսական կողմը կշարունակի սերտ օգնություն ցուցաբերել այս գործընթացին»,- ասել է Զախարովան։
Մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը, որը հանգեցրեց հայ զինվորի մահվան, Զախարովան նշել է, որ պատրաստ են շատ մոտ ապագայում հյուրընկալել սահմանազատման երկրորդ հանդիպումը Մոսկվայում։ Կարևոր է քայլեր ձեռնարկել սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, ինչպես նշված է ղեկավարների հայտարարության մեջ՝ մասնավորապես 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության մեջ։