Ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատներից զրկելու հարցը դեռ կքննարկվի, դեռ ժամանակ կա։ Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ չբացառելով, որ մանդատներից զրկելու հարցով մոտ օրերս կարող է որոշում կայացվել։
Անդրադառնալով ընդդիմության այն որոշմանը, ըստ որի՝ սեպտեմբերին ևս մտադիր չեն վերադառնալ խորհրդարան, նա արձագանքեց․ «Թող չգան։ Ես վստահ չեմ, որ իրենց մեջ չեն գտնվի պատգամավորներ, ովքեր կհասկանան, որ իրենք քաղաքական գործիչ են և կգան քաղաքականությամբ կզբաղվեն»։
Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմությունը ոչնչի ընդունակ չէ․ «Ի՞նչ կարող են կանխել։ Ոզնու անեկդոտն եմ անընդհատ հիշում, որ անընդհատ ինչ-որ բան է իրեն ներշնչում ու ասում՝ ինձ մոտ ստացվեց։ Փող բաժանեցին, որ մարդկանց բերեն միտինգների, հետո այդ մարդիկ չեկան, հետո Սփյուռքի մեր հայրենակիցներին մոլորության մեջ գցեցին։ Իրենք ՀՀ-ի հետ առնչություն չունեն։ Եթե վաղն ընտրություն լինի՝ չեն անցնելու։ Կա՛մ գալու են խելոք նստեն այստեղ, կա՛մ զրկվելու են մանդատներից»,-ասաց նա։