Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գորիս։
ՀՀ վարչապետը Սյունիքի մարզպետի, Գորիսի քաղաքապետի և ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ շրջել է Գորիսի Մաշտոցի պողոտայում, որն այս պահին վերանորոգվում է 257 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Գորիսի քաղաքապետը վարչապետին ներկայացրել է պողոտայում իրականացվող վերանոգման աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ այն սուբվենցիոն 5 ծրագրերից մեկն է, և ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև ընթացիկ տարվա վերջ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված ուղիղ եթերից։
Ըստ Գորիսի քաղաքապետի՝ քաղաքում իրականացվում են 790 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր։
Մարզային կտրվածքով՝ սուբվենցիոն ծրագրերի առնչությամբ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ընդգծել է, որ անցած տարի Սյունիքի մարզում իրականացվել է 450 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր, իսկ այս տարի հաստատված 26 հայտերի գումարը կազմում է 3 միլիարդ 750 միլիոն դրամ։
Գորիսի քաղաքապետը վարչապետի հարցին՝ առնչվող քաղաքային բյուջեի կատարման ցուցանիշներին, ի պատասխան նշել է, որ անցած տարի 100 տոկոսով բյուջեն կատարվել է։
«Բայց ես մի այսպիսի ցուցանիշ էլ ասեմ։ 2017 թվականին սեփական եկամուտը եղել է 153 միլիոն դրամ, 2018 թվականին դարձրել ենք 221 միլիոն դրամ, այս պահին 250 միլիոն դրամ է, 2020 թվականին պլանավորում ենք 300 միլիոն դրամ»,- նշել է քաղաքապետը։
Գորիսի քաղաքապետը հայտնել է նաև, որ այս պահին Գորիսում ներդրումների շատ լուրջ ծավալներ կան, որոնք ուղղվում են հյուրանոցային համալիրների կառուցման դաշտ։