«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ իշխանությունը վերամբարձ հայտարարություններ է անում զբոսաշրջությանը զարկ տալու մասին, «Իրավունքը» բազմաթիվ ահազանգեր է ստանում այս օրերին Հայաստան այցելած զբոսաշրջիկներից ու սփյուռքահայերից, որ բառի բուն իմաստով իրենց թալանում են: Իհարկե, առաջին հերթին բողոքները տաքսիստ-զբոսաշրջիկ անվերջանալի «պատերազմի» մասին է, որտեղ վարորդներն ուղղակի թիվ են «կրակում»: Սա թերեւս զբոսաշրջիկներից վրա թողնում է կիրառված «բայրաքթարի» ազդեցություն, որից օդը ոչ մի կերպ պաշտպանված չէ: Սակայն, խնդիրը միայն սա չէ, պարզվում է` որոշ բանկեր ու տարադրամի փոխանակման կետեր կոնկրետ փող են կորզում նրանցից: Օրինակ, եթե մինչեւ այսօր մարդիկ կարծում էին, որ մի փոքր վնասված, պատռված կամ ուղղակի ճմրթված գումարը կարելի է փոխել բանկերում, հիմա այն հստակ գումար արժե: Զբոսաշրջիկները ամեն մի փոքր ինչ վնասված եվրոյի կամ դոլարի դիմաց պարտավոր են վճարել ո՛չ ավել, ո՛չ պակաս 500դրամ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցած կիրակի՝ Վարդավառի օրը, ոչ սթափ վիճակում երկու անգամ վթարի պատճառ է դարձել, նախ՝ Դիլիջանում, ապա Սեւանի ճանապարհին, սակայն նա մինչեւ այժմ շարունակում է պաշտոնավարել: Օրաթերթը դիմեց Ոստիկանության լրատվական ծառայություն՝ հասկանալու համար, թե ոստիկանությունն ինչ իրավախախտում է արձանագրել մարզպետի գործողություններում, եւ ինչ է արվել: Ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ անձի վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մարզպետի գործողությունների մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել, այսինքն՝ մարզպետին քրեական պատասխանատվության չեն ենթարկի, փոխարենը, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշել են Կարեն Սարգսյանի մասով վարչական իրավախախտման գործընթաց սկսել՝ նրան զրկելով վարորդական իրավունքից»:
«Իրավունք» թերթը գրում է. «Թերթին հասած տեղեկությունների համաձայն, առաջիկա ՏԻՄ ընտրություններին ակտիվ պատրաստվում են Թալին համայնքում: Այստեղ ակտիվ քննարկումների մեջ են հատկապես ընդդիմադիրները, որոնք փորձում են ամեն գնով այս անգամ` «կրկին փորձիր» տարբերակով անցկացնել Արծվիկ Մինասյանի բաջանաղ Տիգրան Գրիգորյանին, ում կարելի էր տեսնել վրանային պայքարի ընթացքում գրեթե ամեն օր: Թե ինչքանով նրանց կհաջողվի ձայներ հավաքել, դժվարանում են տեղացիները նշել, որովհետեւ անձամբ Տ.Գրիգորյանը շանսեր չունի, ամբողջ հույսը Արծվիկ Մինասյանն ու իր կապերն են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղը՝ հուլիսի 28-ին, Ազգային ժողովի խորհուրդը ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու օրակարգով նորից խորհրդի նիստ կհրավիրի: Թեեւ հստակ չէ՝ խորհրդի կազմում ներառված պատգամավորները կմասնակցեն, քվորում կապահովեն, թե ոչ, բայց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահը (այս պահին՝ նրա պարտականությունները կատարողը) խորհրդի նիստ հրավիրելու մասին հայտարարությամբ պետք է հանդես գա: Օրաթերթը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրանից հետաքրքրվեց՝ վերջապես ինչ ճակատագիր է ունենալու ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու գործընթացը: Ի պատասխան՝ նա նշեց, որ օրենքը չի սահմանում՝ եթե ԱԺ խորհուրդն այդպես էլ նիստ չգումարի, ապա ինչ է լինելու, ու որն է հաջորդ քայլը»։