Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստարջանի շրջանակներում ելույթ է ունեցել։ Ելույթի ժամանակ Էրդողանը ներկայացրել է Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու վերաբերյալ Թուրքիայի առաջարկը:
Համաձայն Էրդողանի ներկայացրած առաջարկի՝ Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտին ունի 480 կմ երկարություն և 30կմ խորություն և ընդգրկում է Ջերաբլուս, Մանբիչ, Այնուլարաբ (Քոբանի), Թել Աբյադ, Սուլուկը, Ռասուլայն, Դըրբասիե, Ամուդե, Քամիշլի և Մալիքիե բնակավայրերը:
Էրդողանի խոսքով Սիրիայի հյուսիսում գտնվող Ջերաբլուսի շրջանից դուրս գտնվող բնակավայրերը գտնվում են Թուրքիայի համար ահաբեկչական համարվող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) վերահսկողության տակ:
Համաձայն Թուրքիայի կողմից ներկայացված առաջարկի՝ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու սահմաններն անցնում են M4 ցամաքային ճանապարհով, որը կապում է Սիրիայի արևելքն արևմուտքին:
Համաձայն թուրքական ԶԼՄ-ների՝ YPG-ն M4 ցամաքային ճանապարհն օգտագործում է լոգիստիկ ու առևտրային նպատակներով, և Թուրքիայի նպատակն է, այդ ճանապարհն անվտանգության գոտու մեջ ներառելով, արգելել քուրդ զինյալների զինված գործողությունները:
Թուրքիայի նախագահի կարծիքով՝ Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտում առաջին փուլում 1-2 մլն սիրիացի փախստական կարելի է բնակեցնել:
Էրդողանը կարծում է, որ, եթե անվտանգության գոտին հասնի Ռաքքա-Դեր Զոր գիծ, ապա Թուրքիայի, Եվրոպայի և աշխարհի մյուս բոլոր շրջաններից վերադարձող սիրիացի փախստականների թիվը կարող է հասնել 3 միլիոնի: