ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն և Ֆրանկ Փալոնեն հոկտեմբերի 1-ին Հայաստան նախատեսված մեկշաբաթյա այցի շրջանակներում կայցելեն Արցախ:Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ կոնգրեսականների՝ Արցախ կատարելիք այցի մասին հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն՝ ԱՄՆ Կոնգրեսում Ամերիկայի հայկական համագումարի կազմակերպած միջոցառման ժամանակ: Ջուդի Չուն նշել է, որ Արցախ կատարելիք այցը մեծ հետաքրքրություն է առաջացնում իր մոտ և դա իրեն հնարավորություն կտա տեղում ծանոթանալ իրավիճակին:
Կոնգրեսական Չուի նախաձեռնությունը, որը 1 ամիս առաջ ընդունվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծամասնությամբ, նախատեսում է 4 մլն դոլար հատկացնել հակամարտության գոտում հրադադարի պահպանման մասին Ռոյս-Էնգելի առաջարկի իրականացման համար: Այդ միջոցներով Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով կտեղադրվեն հատուկ սարքավորումներ, որոնք կարձանագրեն այս կամ այն կողմից հրադադարի ռեժիմի խախտումները ։ «Այդ միջոցներն ուղղված են խաղաղության ամրապնդմանն ու հրադադարի ռեժիմն խախտողներին պատասխանատվության ենթարկելուն»,-ընդգծել է ամերիկացի կոնգրեսականը։
Ջուդի Չուն հավելել է, որ մտադիր է նաև հասնել Արցախին լրացուցիչ 6 մլն դոլարի ուղղակի ամերիկյան օգնության հատկացմանը։
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն, ով Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի հիմնադիրն ու համանախագահն է, կարծում է, որ իրենց այցը հատկապես կարևոր է, քանի որ սա ամերիկյան օրենսդիրների առաջին այցն է Հայաստան «թավշյա հեղափոխությունից» հետո: «Մեր այցի պատճառներից մեկն այն է, որ մեր խումբը ցանկանում է աջակցել Հայաստանի նոր կառավարությանը և խորհրդարանին»,- նշել է ամերիկացի կոնգրեսականը:
Փալոնեի խոսքով՝ չնայած ԱՄՆ պետքարտուղարությունը ամերիկացի օրենսդիրներին խորհուրդ չի տալիս այցելել Արցախ, այնուամենայնիվ պատվիրակությունը որոշել է այցելել Արցախ:
Ինչ վերաբերում է Հայաստան կատարելիք այցին, ապա կոնգրեսականներն իրենց հայ գործընկերների հետ նախատեսում են քննարկել քաղաքական և առևտրատնտեսական ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնման հարցերը: