«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական հնարավոր զարգացումներին կամ թեժ աշնանն ընդառաջ, Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իր իշխանությունը։ Տեղեկություններ կան, որ Փաշինյանը կառավարությունում եւս փոփոխություններ է նախապատրաստում։ Սպասում է, որ փողոցը կրկին կակտիվանա եւ երբ չնչին վտանգ ներկայացնի իշխանության համար, հանրային դժգոհությունները կպարպի որոշ նախարարների, կառավարության անդամների հրաժարականներով: Այսպես կոչված` ազգային համաձայնության կամ կոմպրոմիսային կառավարության ձեւավորման քայլերով: Մեր տեղեկություններով, հավանական գործընկերներն են Էդմոն Մարուքյանը, ով հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին եւ 1-2 նախարարական պորտֆելի, մասնավորապես` էկոնոմիկայի նախարարի, Արամ Սարգսյանը, ով հավակնում է փոխվարչապետի պաշտոնին: Բանակցություններ են ընթանում նաեւ ԲՀԿ-ի հետ, բայց Գագիկ Ծառուկյանն ավելի դժվար է տրվում համոզչական աշխատանքներին, հույս ունեն, որ, ի վերջո, տեղի կտա»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկու օր շարունակ շրջել է Արագածոտնի մարզում ու նոր ֆոտոշարքով «զմայլել» ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներին: Վարդերի մեջ, վարդերը գրկում, «քոթուկների» վրա նստած են այս անգամվա լուսանկարները: Տիկին Աննան չի մոռացել նաեւ մոմ վառելու մասին, իհարկե Աստծո տուն՝ առանց գլխաշորի մտնելով: Այս ողջ ընթացքում նրան ուղեկցել են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչո՞ւ, ինչ կարգավիճակով:
Տպավորություն է, թե Արագածոտնի այն համայնքի ղեկավարները, որտեղ այցելել է տիկին Աննան, շունչները պահած ու գործերը թողած, հոգ են տարել, ուղեկցել Հակոբյանին: Աշտարակի քաղաքապետ Թովմա Շահվերդյանն է ամենից շատ երեւում Աննա Հակոբյանի գրասնեյակի կողմից հրապարակված լուսանկարներում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ի երեկոյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է արտերկիր: Նախագահի գրասենյակից պարզաբանել էին, որ դատարանից ստացել են արտերկիր մեկնելու թույլտվություն, դատարանը թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29-ը։ Մեզ հայտնի է դարձել, թե ինչ նպատակով և ուր է մեկնել երկրորդ նախագահը։ Նա Գերմանիայի Դաշնություն է գնացել բժշկական հետազոտություն անցնելու նպատակով։ Վերջին տարիներին, ինչպես հայտնի է, նա զրկված էր արտերկիր մեկնելու հնարավորությունից, առավելագույնը թույլատրում էին Մոսկվա մեկնել՝ «Սիստեմայի» նիստերին մասնակցելու»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից եւս 6.8 տոկոս նվիրատվություն կստանա։ Նվիրատվությունը վարչապետի աշխատակազմին կատարել է ԶՊՄԿ-ի բաժնետեր ընկերություններից մեկը՝ «ԱՄՓ հոլդինգ»-ը։ Եվ հենց այստեղ է ամենաուշագրավ հանգամանքը. «ԱՄՓ հոլդինգ»-ի բաժնետեր ընկերությունը «Սթար դասթ» ՍՊԸ-ն է, որի բաժնետերերն են ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանը եւ Գուրգեն Ամբարյանը։
Այսինքն՝ ստացվում է՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը բաժնետոմսեր է նվիրաբերել կառավարությանը, թե ինչի դիմաց՝ կպարզենք: Ստացվում է, որ, մի կողմից, Սյունիքի նախկին մարզպետն ամիսներ շարունակ պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մյուս կողմից՝ նրա եղբայրը փաստացի նվիրաբերություններ է կատարում ՀՀ կառավարությանը՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի գլխավորած ֆոնդին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամենասկանդալային պատգամավորներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը, ով ավելի շատ աչքի է ընկել ոչ թե օրենսդրական գործունեությամբ, այլ քացի տալով, պարզվում է՝ բուհ է ընդունվել, բայց չի ավարտել։ Նա 2019թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ մագիստրատուրան եւ չի ավարտել։ Մեզ ասացին՝ քննությունները չի կարողացել հանձնել: Հավանաբար, չի կարողացել սերտել Սահմանադրության իրավունքն ու պետության եւ իրավունքի տեսությունները եւ դուրս է մնացել բուհից՝ չստանալով մագիստրոսի դիպլոմ: Սլավոնականից հաստատեցին այս տեղեկությունը, որը երեւում է նաեւ ԱԺ-ում տեղադրված նրա կենսագրականում»։