«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք վարչության ընտրությանը եւ կուսակցության համագումարին ընդառաջ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կրքերը չեն հանդարտվում: Մասնավորապես, շատ ՔՊ-ականների դուր չի գալիս ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի պահվածքը: Բանն այն է, որ վերջինս հավակնում է դառնալ ՔՊ վարչության նախագահ, քանի որ չեն կարող նախագահ լինել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ներկայիս նախագահ Սուրեն Պապիկյանը. ռոտացիոն կարգով պետք է փոխվի նախագահը՝ ըստ ՔՊ կանոնադրության: Եւ, ահա, Ավինյանը, կարծես թե, իր առանձին թիմն է ձեւավորել ու թեժ պայքարում է նախագահի կարգավիճակի համար՝ կանգ չառնելով ոչնչի առջեւ: Պարզ չէ՝ նրա հանդուգն պահվածքը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված է, թե ինքնագործունեություն: Հավելենք, որ ՔՊ-ի վարչության կազմում տեղ գտնելու համար թեժ պայքար է մղում պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը պարտադիր մասնակցում է բոլոր միջոցառումներին, շրջում մարզերով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի օրվա առիթով ԱԺ բոլոր 5 խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին տեղի կունենա հանրահավաք: Ժամը 17:30-ին Ստեփանակերտի Ազատության հրապարակից քայլերթ կանեն, 19:00-ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում՝ հանրահավաք: «Սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է։ Հանրահավաքն ու երթն այդ օրվա խորհրդով են լինելու, մենք մեր խոսքն ենք ասելու բոլորին, որ Արցախը կա, կանգուն է, պայքարելու է իր իրավունքների համար։ Մենք եւս մեկ անգամ պետք է համայն աշխարհին փաստենք, որ պատերազմով հարցը չի լուծվել ու չի լուծվելու, միջազգային հանրությունը պարտավոր է ականջալուր լինել Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Սա ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ իշխանության կազմակերպածն է»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի պատգամավորները հերթական «վոյաժներին» են պատրաստվում: Այս անգամ խորհրդարանականներից մի քանիսը կլինեն Աթենքում, Ռաբաթում, Իզմիրում, Սրատսբուրգում եւ Բեռնում: Այսպես, օգոստոսի 5-ին այն ժամանակ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին սեպտեմբերի 17-20-ն Աթենք գործուղելու մասին որոշում է ստորագրել: Նա այնտեղ կմասնակցի ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին: Օգոստոսի 8-ին արձակուրդից վերադարձած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործուղումների միանգամից մի քանի որոշում է ստորագրել, ըստ այդմ՝ ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար սեպտեմբերի 21-24-ը Իզմիր (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 4-ին Հայաստանում նշվում է ԱԻՆ աշխատակցի օրը: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը որոշել է պարգևատրել նախարարության աշխատակիցներին. բացի ամենամսյա պարգևավճարներից, ԱԻՆ բոլոր աշխատակիցները կստանան պարգևավճար աշխատավարձի 100 տոկոսի չափով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նման որոշման հիմքում ոչ միայն տոնական օրն է, այլև մասնավորաբար «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության ժամանակ ԱԻՆ-ականների, հատկապես փրկարարների անձնուրաց, պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանքը: Մեր ունեցած տեղեկություններով, ֆինանսականից զատ, ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ պարգևատրվելու են շնորհակալագրերով, պատվոգրերով, հուշանվերներով, մեդալներով: Այդ օրը կլինի՞ հանդիսավոր նիստ, թե՞ շքերթ, առայժմ ճշտել չհաջողվեց»: