Բաքվի հայտարարությունները սահմանին տիրող իրավիճակի մասին կարող են կապված լինել Երևանի հետ բանակցությունների ընթացքի կամ առաջնագծում իր գործողությունները կոշտացնելու փորձի հետ, կարծում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանն օրեր առաջ նախ տեղեկատվական/քարոզչական գրոհ սկսեց Հայաստանի դեմ, իսկ այսօր պաշտպանության նախարարի մակարդակով ազդարարում, թե սահմանագծին լարվածություն կա, ապա «կոշտ» հանձնարարություն իջեցնում զորքերին իրավիճակը վերահսկելու և պատշաճ հակազդելու համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։
Նրա խոսքով՝ ադրբեջանական վարքագծի հիմքում կարելի է 2 հիմնական դրդապատճառ դիտարկել։
«Առաջին, Հայաստանի հետ տարվող բանակցություններում ինչ որ բան այնպես չի ընթանում, հնարավոր է՝ դա կապված է կոնկրետ գործընթացի տեմպերի հետ։ Երկրորդ, Ադրբեջանը փորձում է վերանայել իր քաղաքականությունն առաջնագծում՝ առավել կոշտացնելով տարբեր իրադրություններում գործադրվող միջոցառումները»,- կարծում է պատգամավորը։
Ըստ նրա՝ երկու դեպքում էլ հնարավոր են իրադրության նոր փոփոխություններ՝ դեռևս անկանխատեսելի զարգացումներով։
Նշենք, որ սեպտեմբերի 2-ից Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հաղորդում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ենթադրյալ գնդակոծման մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս բոլոր հայտարարությունները։ Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է Հայաստանի հետ սահմանին «լարվածության» հնարավորության մասին և հանձնարարել «պատրաստ լինել»՝ զսպելու ցանկացած տեսակի սադրանք։