Այս անմեղսունակները, դավաճանները, հողատուները լքել են իրենց քաղաքական խրամատը։ ՔՊ-ն չի լքելու իր խրամատը, և մենք կանգնած ենք գերագույն գլխավոր հրամանատարի թիկունքին։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանկ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդդիմությանը։
«ՀՀ սուվերենությունը, անկախությունը մեզ համար բարձրագույն արժեք են և մենք պայքարելու ենք մեր հայրենիքի ամեն մի միլիմետրի համար։ Մենք մեր ժողովրդով գնում ենք դեպի խաղաղություն, որը մեզ հեշտ չի տրվելու։ Այն նույն մարդիկ, ովքեր 44-օրյա պատերամզի ժամանակ գնում էին սահման, զինվորներին համոզում, որ հողերը ծախված է 5 միլիարդով, կառավարում էին անողնաշար հրամանատարների, որոնք դիրքեր հետ բերած տղաներին հետնահանջի հրաման էին տալիս, երեկ նույնը փորձեցին կրկնել երեկ։ Նրանք մանիպուլացրին երեկ ԱԺ-ում հնչեցված մտքերը»,-ասաց նա՝ անդրադառնալով երեկվա ակցիաներին։
Հիշեցնենք, որ Երևանում բողոքի ակցիաներն ակտիվացել են սեպտեմբերի 14-ի երեկոյան խորհրդարանում վարչապետի հնչեցրած հայտարարություններից հետո: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է․ «Մենք ցանկանում ենք ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում շատերը կդատապարտեն մեզ, կկշտամբեն ու դավաճաններ կասեն, հնարավոր է նույնիսկ ժողովուրդը որոշի մեզ հեռացնել իշխանությունից, բայց մենք գոհ կլինենք, եթե Հայաստանը 29,8 հազար քառ.կմ տարածքով երկարաժամկետ անվտանգություն ու խաղաղություն ստանա։ Ես կստորագրեմ որոշում, որը դա կապահովի»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկու հայտարարություն էր արել։ Սկզբում նա նշել էր, որ Արցախը չի կարող և չի լինի Ադրբեջանի կազմում, հետո հայտարարել էր, որ այս պահին Արցախի հետ կապված որևէ փաստաթուղթ չկա սեղանին։
Հավելենք նաև, որ խորհրդարանական ընդդիմության 35 պատգամավորներ ստորագրել են Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու փաստաթղթի տակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀՀ կողմից հաստատված 105 զոհի մասին: