Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասեր և մարտական հենակետեր: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակության բաժինը։
Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:
Հենակետերից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ճաշել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, ստուգել դիրքապահներին տրամադրվող սննդամթերքի որակը:
Արտակ Դավթյանը խրախուսել է մարտական հերթապահության կրման ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին, մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:
Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին: