ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ։ Այս մասին
հայտնում է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
Պաշտպանն իր զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, փաստագրել տեղահանված անձանց, բժշկական շտապօգնության մեքենաների ու լրագրողների թիրախավորման, երեխայի ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների ապացույցները, ինչպես նաև ներկայացրել քաղաքացիական անձանց ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, անձանց հասցված գույքային ու շրջակա միջավայրին հասցված վնասների փաստերը։
Հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարկման ենթակա հատվածում և պատշաճ կարգով ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են, Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։