Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր, որոնք են մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը: Այս մասին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանն արդյունավետ է գնահատել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ կայացած հանդիպումը։ Նա նշել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցի ընթացքում կողմերը փորձել են որոշակիություն մտցնել վերը նշված ոլորտներում, ինչպես նաև պարզաբանել այն հարցը, թե ինչպես կարելի է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։
«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման թեմաները: Դրանք առնչվում են ապաշրջափակման, դելիմիտացիայի, սահմանային անվտանգության, ինչպես նաև այլ հարցերի հետ, որոնք տարածաշրջանին բերում են կայունություն և խաղաղություն»,- ասել է Գրիգորյանը:
Գրիգորյանը մատնանշել է երկու հիմնական գործոն, որոնք հնարավորություն են տվել դադարեցնել կրակը սահմանին վերջին բախումների ժամանակ՝ հայկական բանակի պատասխանը և ԱՄՆ-ի ներգրավվածությունը։
Գրիգորյանը հիշեցրել է, որ բացի իրենց հանդիպումների ձևաչափից, հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում այլ ձևաչափերով ևս՝ արտգործնախարարների, փոխվարչապետների ու ազգային անվտանգության ծառայության պետերի մակարդակով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի էր ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Կողմերը քննարկել էին ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Կարևորվել էր վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը: