Իսպանիայի Կոնգրեսը Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված ի պաշտպանություն հայ ժողովորդի ինստիտուցիոնալ հռչակագիր է ընդունել: Այս մասին ասվում է Կոնգրեսի Twitter-յան էջում։
Իսպանիայում Հայաստանի դեսպանատունը ներկայացնում է հռչակագրի տեքստը, ըստ որի՝ Իսպանիան:
- Վերահաստատում է ռազմական գործողությունների նկատմամբ անհանդուրժողականությունը, որը միջազգային իրավունքի լուրջ խախտում է՝ դրանք համարելով չարդարացված ագրեսիա, որը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։
- Խթանում է կողմերի հավատարմությունը միջազգային հարաբերությունների շրջանակներում ստորագրված հրադադարի ռեժիմի պահպանմանը։
- Համերաշխություն և զորակցություն է հայտնում Հայաստանին և նրա ժողովրդին: Ցավում է երկու կողմի զոհերի համար, հայտնում է իր խորը վիշտը զոհերի և բնակչության անհարկի տառապանքների կապակցությամբ։ Այդ զգացումները նաև ուղարկում է Իսպանիայի հայ համայնքին։
- Աջակցում է ԵՄ գերագույն ներկայացուցչի և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի ջանքերին, որոնք կարևոր դեր են խաղում հրադադարի համաձայնագրի պահպանման դիտարկման գործընթացում և նպաստում են հակամարտության համաձայնեցված, ընդհանուր և տևական լուծման որոնմանը:
- Կոչ է անում կողմերին հարգել միջազգային իրավունքը, վայր դնել զենքը և վերսկսել բանակցությունները՝ դրանով իսկ հաստատելով, որ այդ դիրքորոշումը հանդիսանում է այդ բարդ և պատմական հակամարտության միակ կենսունակ և ամուր լուծումը:
- Կոչ է անում ԵՄ-ին կրկնապատկել ապաէսկալացիային աջակցելու և դիվանագիտական միջոցներով խաղաղության պահպանման ջանքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Գերեվարված զինծառայողներից 17-ն ԱՄՆ միջնորդությամբ վերադարձել են հայրենիք։