Տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի հարցերի շուրջ Երևանի և Թեհրանի դիրքորոշումները համընկնում են։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ իրանական Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Հունանյանն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն և չեն սահմանափակվում երկու երկրների կառավարությունների համագործակցությամբ։ Հունանյանն Իրանն անվանել է Հայաստանի առանցքային գործընկեր և հույս հայտնել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման և խորացման համար։
Գործակալության խնդրանքով մեկնաբանելով հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է. «Հայաստանը ձգտում է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այդ նպատակով մենք բանակցում ենք ադրբեջանական կողմի հետ, բայց նա միշտ առավելագույն պահանջներ է ներկայացնում»։