Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցի Տոյվո Կլաարը ողջունել է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի և Բաքվի առարկայական բանակցությունները:Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Երեկ Վաշինգտոնում կարևոր հանդիպում է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի արտգործնախարարների միջև: Ուրախալի է, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներգրավված են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,-գրել Է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը Twitter-ում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Նոյեմբերի 3-ին խորհրդարանում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Միրզոյանը հայտարարել էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման մասին։Ավելի ուշ Բայրամովը հայտնել էր, որ Վաշինգտոնում ծրագրվում է քննարկել խաղաղության պայմանագիրը։
Հիշեցնենք նաև, որ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպմանը նախորդել էր Սոչիի եռակողմ հանդիպումը: Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները հոկտեմբերի 31-ին եռակողմ հայտարարություն են ընդունել, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։
Հավելենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներով։ Հայտարարության համաձայն, Հայաստանը, մասնավորապես, համաձայնել է խրախուսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին։ Առաքելությունն իր աշխատանքն սկսել է հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։