Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով արտահերթ նիստը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ կայքից, ուր հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման խոսքը:
Ողջունելով ԱԳ նախարարներին՝ նա նշել է.
«Այսօր մենք անցկացնում ենք արտաքին գործերի նախարարների հանդիպումը, իսկ վաղն առկա ձևաչափով տեղի կունենա ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի հերթական համատեղ նիստը: Մենք քննարկելու ենք շատ կարևոր հարցեր, կարևոր մեր երկրների և, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ համար: Մեզ համար այս հանդիպումը կարևոր է նաև, քանզի այն առաջինն է առկա ձևաչափով` այս տարվա սեպտեմբերին ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո»-ասել է Միրզոյանը:
Նա նշել է, որ օրակարգում է մոտ երկու տասնյակ փաստաթուղթ, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականության համակարգմանը, ռազմաքաղաքական համագործակցությանը, նոր սպառնալիքներին ու մարտահրավերներին և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին:
«Նախագծերի և հարցերի մեծ մասն արդեն համաձայնեցված է. երեկ և այսօր Համաձայնեցման հանձնաժողովն աշխատել է Ստանիսլավ Զասի ղեկավարությամբ: Հուսով եմ, որ կունենանք մտքերի արդյունավետ փոխանակում և առաջարկում եմ սկսել աշխատանքները»,-հավելել է Միրզոյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երեւանում կկայանա նաև ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։ Միջոցառումը տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովից առաջ։
Նույն օրը Երեւանում կկայանա ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին ակնկալվում է կազմակերպության երկրների ղեկավարների մասնակցությունը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները կքննարկեն Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը, ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրները։ Նշենք, որ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը։