«Հրապարակ» օրաթերթի աղբյուրները հաղորդում են, որ Փաշինյանն անցած շաբաթ Ջերմուկում դեսպանների հետ հանդիպմանը խոստովանել է, որ Մակրոնն իրեն զգուշացրել է դուրս չգալ ՀԱՊԿ-ից։ Այս մասին գրում է թերթը։
Ըստ Փաշինյանի՝ նրանք չեն կարող ստանձնել ՀՀ երաշխավորի դերը, իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցն էլ հավելել է, որ նման հորդոր փոխանցել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունություն ու անվտանգություն ԼՂ-ում, ապա պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ-ում` ԼՂ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։
Իսկ ավելի ուշ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը արձագանքեց, որ միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե կա հակամարտության 2 կողմերի համաձայնությունը։ Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ադրբեջանի մասին է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: