«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վտանգավոր է համարում իշխանության թեզը, թե Ռուսաստանն է պատասխանատու Լաչինի միջանցքը բացելու հարցում: Այս մասին պատգամավորն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Նրա խոսքով՝ սա թերևս անցած 50 օրերի ընթացքում առաջ քաշած թեզերից ամենավտանգավորն է:
«Գործողությունները, որոնք նախաձեռնում են իշխանությունները, խիստ թերի են: Նրանք չեն օգտագործում այն գործիքակազմերը, որոնք ունեն: Իսկ այն թեզը, որ շրջանառում են իշխանությունները, թե Ադրբեջանի հետ չեն բանակցում Լաչինի միջանցքի հարցով, շատ ավելի նեղ կացության մեջ է դնում Արցախի իշխանություններին»,- ասաց Մանուկյանը:
Պատգամավորը կարծում է, որ Արցախի իշխանություննեն այսպիսով ստիպված են լինում գնալ անհավասար բանակցությունների Ադրբեջանի հետ:
Մանուկյանն ասաց՝ նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրել է 3 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Հետևաբար պատասխանատվության տակ դնել միայն ռուսական կողմին, ռուս խաղաղապահներին, պատգամավորը սխալ է համարում:
Գեղամ Մանուկյանը խոսեց Լաչինի միջացքի շրջափակման հարցող ԱԺ-ում կայանալիք լսումների մասին: Նա ասաց, որ դրանք բաց են ԱԺ բոլոր պատգամավորների համար, պետք է ակնկալել իշխող խմբակցության պատգամավորների ներկայությունը, քանի որ օրախնդիր հարց է։
«Պաշտոնապես ԱԺ ղեկավարությանը փոխանցվել է, որ ցանկալի է Սուրեն Պապիկյանի ներկայությունը որպես նաև հարակից զեկուցող, քանի որ խոսքը օրախնդիր հարցի է վերաբերում։ Մեզ համար շատ կարևոր է հարցի քննարկումը, ոչ թե հարցը լոկ արծարածելը։ Դրա համար նույնիսկ պատրաստականություն ենք հայտնել, եթե անհրաժեշտություն լինի, քանի որ կան անվտանգային տարրեր, թեկուզ փակ նիստում լինի այդ քննարկումը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: