Ինձ դառնացնում է այն հանգամանքը, որ նման լրջության մարդը ղեկավարել է Հայաստանը։ Ինչպե՞ս կարելի է այդքան անլուրջ լինել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Armenia Today-ի հարցին ի պատասխան անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահի հայտարարությանը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2018-ից ի վեր Հայաստանը ռազմատեխնիկական օգնություն չի ստացել և 44-օրյա պատերազմի ժամանակ բանակի անձնակազմի ու զինամթերքի միայն 50 տոկոսն է ներգրավված եղել ռազմական գործողություններին։
«Կատարյալ սուտ է»,- այսպես արձագանքեց Փաշինյանը։ Նա նշեց, որ Հայաստանը 2018-2020 թվականներին ձեռք է բերել ավելի շատ զենք, քան նախորդ 10 տարիներն իրար հետ վերցրած։
Անդրադառնալով պատերազմի ելքին՝ վարչապետը նշեց․ «Մենք պատերազմում պարտվել ենք այն պատճառով, որ մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն։ Սա իմ համոզմունքն է՝ մի շարք փաստերի հիմքով։ Առաջիկայում այդ փաստերը հրապարակային կլինեն, և իմ հայտարարությունը տարօրինակ չի թվա։ Այսօրվա դրությամբ ԶՈւ-ի ավելի քան 50 զինծառայողներ, այդ թվում՝ սպաներ, բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ»։
Մանրամասները՝ տեսանյութում։